«Քարը ծակելով՝ շարունակում ենք ապրել արդեն 106 տարի ու 44 օր»․ Կոմիտասի հուշարձանի տարածքից բողոքի նոտա՝ լռող աշխարհին - RadioVan.fm

Онлайн

«Քարը ծակելով՝ շարունակում ենք ապրել արդեն 106 տարի ու 44 օր»․ Կոմիտասի հուշարձանի տարածքից բողոքի նոտա՝ լռող աշխարհին  

2021-04-23 18:16 , Общество, 653

«Քարը ծակելով՝ շարունակում ենք ապրել արդեն 106 տարի ու 44 օր»․ Կոմիտասի հուշարձանի տարածքից բողոքի նոտա՝ լռող աշխարհին

«Արվեստով կհաղթահարես բոլոր դժվարությունները»,- Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիրներ Նաիրա և Մարիամ Մուղդուսյանների մոր պատգամն է զավակներին, ովքեր այսօր՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, յուրահատուկ նախաձեռնությամբ հանդես եկան։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում՝ Կոմիտաս վարդապետի հուշարձանի շուրջ, փողփողում էին տասնյակ ալ կարմիր թղթե կակաչներ, որոնք «կյանք» էին առնում գետնին դրված քարերից։

«Կակաչի ցուղունները կպած են քարերին, քանի որ քարերի պես ծանր է թե՛ մեր սիրտը, թե՛ աշխարհի խիղճը։ Քարի այլ խորհուրդ էլ կա իմաստն այն է, որ քարը ծակելով՝ շարունակում ենք ապրել արդեն 106 տարի ու 44 օր, իսկ կակաչները խորհրդանշում են լռությունը և ժամանակը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Մարիամ Մուղդուսյանը, ով և հեղինակել ու նկարել էր դրանք։

Տեսարանն ուղեկցվում էր Նաիրյան վոկալ անսամբլի կատարումներով և անգլերեն տեքստերով, որոնց միջոցով բարձրաձայնվում էր այն մասին, որ աշխարհի լռությունը սպանում է ցեղասպանությունը վերապրած յուրաքանչյուր հայի, նրանց հոգիները։

«Գաղափարն իրականում ծնվել է վեճի հետևանքով։ Մտածում էինք՝ ինչպես կարելի է հիշատակել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, 44-օրյա պատերազմի վերքերն էլ շատ թարմ էին։ Մեզ համար դժվար էր հասկանալ՝ ինչպես կարող ենք խոսել այդ մասին։ Ուրախ եմ, որ թիմը կարողացավ իր ապրումները հաղթահարելով հասնել այս արդյունքին»,-պատմեցին Նարիա և Մարիամ Մուղդուսյանները՝ նշելով, որ նախաձեռնությունն առավելապես ուղղված է միջազգային հանրությանը։

«Հայերս շատ լավ գիտենք մեր պատմությունը, մեր նախնիների հետ կատարվածը, նաև մեր օրերին տեղի ունեցածը, բայց կարիք կա դա հասցնելու միջազգային հանրությանը, քանի որ 44-օրյա պատերազմն էլ հանցավոր լռության հետևանք էր»,-ասացին քույրերը՝ պարզաբանելով, թե ինչու՛ են ուղերձների տեքստերը հնչում անգլերեն լեզվով։ Նախաձեռնությունը, ըստ հեղինակների, նաև հիշեցում է աշխարհին, որ լռությունը մեղսակցություն է, ու, որ 106 տարի հայ ժողովուրդն ապրում է անարդարության և անտարբերության մթնոլորտում։

Նշենք՝ «106+44» խորագրով ինստալյացիայում առանձնանում էին 44-օրյա աղետալի պատերազմը խորհրդանշող 44 մեծ կակաչները, որոնք ցուղուններ չունեին ու համեմատաբար մեծ քարերով էին գամված գետնին։

«Այդ ամեն օրը ծանր քարով դաջված է մեր սրտերում»,-նկատեց Մարիամը։

Միջազգային հանրությանն ուղղված հայ արվեստագետների բողոքի նոտան ողջունելի էր նաև պուրակում զբոսնող քաղաքացիների համար։

«Թե՛ Եղեռնի զհերը, թե՛ 44-օրյա պատերազմի նահատակներն արժանի են, որ իրենց հիշատակը վառ պահվի», «Հայ դատը պետք է կայանա, և յուրաքանչյուր հայ պետք է այդ ուղղությամբ քայլեր անի»․ նշում էին նրանք։

Իսկ Արմեն Գասպարյանն էլ, որը պուրակում էր թոռնուհու հետ, մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ թուրքը երբեք չի փոխվի։ Արմենի հիշողության մեջ դեռ վառ է իր Փառանձեմ տատիկի դեղինով պատված աչքերը, որի 5 եղբայրներին սպանել են նրա իսկ աչքի առաջ՝ ասելով․

«Կգնաս կասես, որ բոլոր հայերիդ վերջը սա է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ այսօր՝ ժամը 23:00-ին, ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի, կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը։

Վաղը՝ ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրն է։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть